Добавил:
Опубликованный материал нарушает ваши авторские права? Сообщите нам.
Вуз: Предмет: Файл:

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ

.docx
Скачиваний:
3
Добавлен:
08.10.2019
Размер:
35.13 Кб
Скачать

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ ԿԱՄ ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ ԵՎ ԴՐԱ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ

Աշոտ Թևիկյան  Տ.գ.թ., դոցենտ, ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոն

Ճարտարամիտ տիկնիկավար անգլոսաքսերը  «ժողովրդավարության լավագույն ընկերներ» քողի տակ  զբաղվում են աշխարհի տափակ վերաբաժանումով 

Հիբրիդային պատերազմի կամ կառավարելի քաոսի (ինձ՝ որպես մաթեմատիկոսի և տնտեսագետի, այս հասկացությունն ավելի հոգեհարազատ է) ֆինանսական և սոցիալ-տնտեսական բաղադրիչների պրոբլեմատիկան համեմատաբար նոր է։ Այդ և նույնանման թեմատիկայով հրապարակումներ եղել են «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի «21-րդ ԴԱՐ» («21-й ВЕК») ամսագրում1։ Թեման համեմատաբար է նոր, քանի որ դրա մասին, բայց այլ անվանմամբ և այլ շեշտադրումով, բավական շատ է գրվել նաև խորհրդային ժամանակներում։ Խնդրի բոլոր ասպեկտները մենք կդիտարկենք մեր հոդվածաշարում։ Դրա անհրաժեշտությունը թելադրված է մի քանի հանգամանքներով։ Նշենք միայն երկուսը. նախ՝ բարդացել է խնդրի տեխնոլոգիական հագեցվածությունը, և երկրորդ՝ ԽՍՀՄ փլուզման հետևանքով դրա մասշտաբները մեծացել են և ընդգրկել նաև սոցիալիստական դաշինքի նախկին երկրները։

Քաոսը առասպելաբանության և փիլիսոփայության հնագույն հումանիտար կատեգորիա է։ Ցանկացած էվոլյուցիոն գործընթաց արտահայտվում է հակադիր դրությունների՝ կարգուկանոնի և քաոսի փոփոխությունների հերթագայությամբ, որոնք միավորված են քաոսին անցման (կառույցի կործանում) և քաոսից դուրս գալու (ինքնակազմակերպում) փուլերով։ Քաոսի խնդրի հանդեպ գիտական հետաքրքրությունը խորացավ Ի.Պրիգոժինի և Ի.Սթենգերսի «Կարգուկանոն քաոսից. մարդու նոր երկխոսությունը բնության հետ» («Порядок из хаоса. Новый диалог человека с природой») աշխատության ազդեցությամբ, որը լույս տեսավ 1979թ. Արևմուտքում։ Այս գրքում, որը լուրջ փիլիսոփայական գաղափարներ է պարունակում, որոնք, սակայն, արված են հիմնականում ֆիզիկայի և քիմիայի նյութի հիման վրա, քաոսը դիտարկվում է որպես բարդ համակարգերի դինամիկ անկայունության հետևանք։ Բարդության հասկացությունը գլխավորն էր քաոսի տեսության մեջ։ Իսկ նորը, ինչպես հայտնի է, վաղուց մոռացված հինն է. քաոսն ունի ոչ միայն քայքայիչ ուժ, այլև կարող է դառնալ կարգուկանոնի աղբյուր։

«Դինամիկ քաոս» հարացույցը (paradigm) հետագայում սկսեց օգտագործվել նաև փոխակերպվող հասարակության վերլուծության մեջ։ Քաոսի՝ որպես ոչգծային փոփոխությունների և բիֆուրկացիայի (երկճյուղության) համակարգային ստրուկտուրիզացիայի վերլուծությունը, թույլ է տալիս վերհանել սոցիալական զարգացման պարադոքսները։ Այս մոտեցումը կարող է օգտագործվել ինչպես սոցիալական կերտման, այնպես էլ ապասոցիալական քայքայման և աշխարհաքաղաքական մանիպուլյացիաների համար։

2015թ. անցած ժամանակաշրջանում ցանցում հայտնվեցին բազմաթիվ նյութեր (ռուսերեն), որոնք բացահայտում են արևմտյան հեգեմոնիայի ֆինանսական մեխանիզմի էությունը, որտեղ հիբրիդային պատերազմների հասկացություններում հատուկ ուշադրություն է դարձվում ԱՄՆ դրամային կառույցների դերին՝ ուղղված համաշխարհային տնտեսական ազատության ճնշմանը։

Սկսենք հետևյալ կարևոր հարցից՝ ո՞վ է մեր (Հայաստանի) առջև՝ հակառակո՞րդ, թշնամի՞, թե՞ բարեկամ, որտե՞ղ է նա, ինչպիսի՞ն է։ Արդյո՞ք հասկանում ենք նրա ուժը։ Նախ նշենք, որ նման հարցադրումը մենք անում ենք առաջին հերթին անգլոսաքսոնական պետությունների վերաբերյալ: Տեղին է հիշել Հայաստանի նախագահի՝ վերջերս «Վաշինգտոն փոստ» թերթի խմբագրությունում տված հարցազրույցում (07.05.2015թ.) ասած խոսքերը. «ԱՄՆ-ի համար արժեքները պետք է լինեին շահերից առավել»։ Համաձայնեք, որ սա հնչում է իբրև «ձայն բարբառոյ յանապատի»։

Մեջբերում կատարենք «Ազգային անվտանգության ռազմավարությունից. 2015թ. փետրվար։ Սպիտակ տուն, Վաշինգտոն».

«Ամերիկյան ժողովրդի անվտանգության ապահովման և մեր ազգային անվտանգության շահերի առաջմղման հաջող ռազմավարությունը պետք է սկսվի մեկ անվիճելի ճշմարտությունից՝ Ամերիկան պետք է լինի առաջնորդ։ ...Հարցն այն է, թե ինչպես մենք պետք է առաջնորդենք։

Մենք արտասահմանում ցուցադրում ենք, որ պատրաստ ենք գործել միակողմանի կարգով, երբ ծագում են սպառնալիքներ մեր արմատական շահերի համար...

Մենք փորձում ենք մեզ համար ստեղծել պատմական հնարավորություններ...

Մեր անանց հավատարմությամբ ամրապնդում ենք դեմոկրատիայի և մարդու իրավունքների առաջմղման գործը՝ նոր կոալիցիաներ ստեղծելով կոռուպցիայի դեմ պայքարում, բաց կառավարություններին և բաց հասարակություններին աջակցելով...

Մենք ընդունում ենք մեր բացառիկ դերը և պատասխանատվությունն այն պահին, երբ կա մեր եզակի մասնակցության և հնարավորությունների ամենասուր պահանջ, և երբ այսօր մեր կողմից ընդունվող որոշումները կնպաստեն անվտանգության ամրապնդմանն ու մեր ազգի բարեկեցության բարձրացմանը գալիք տասնամյակներում։

Բարաք Օբամա»։

Եվ այսպես, հստակ հռչակվում է, որ ԱՄՆ-ը պետք է լինի այս աշխարհի առաջնորդը։

Այս կապակցությամբ ամերիկյան «Time» թերթն իր «5 պատճառ, որոնցով ԱՄՆ-ը շարունակում է մնալ աշխարհում միակ գերտերությունը։ Ինչո՞ւ Վաշինգտոնն առաջվա պես կարող է հայտարարել XXI դարում իր գլոբալ գերազանցության մասին» հոդվածում (ս.թ. մայիսի 31) գրում է. «Ամերիկան նախկինի պես աշխարհում միակ գերտերությունն է, և նման դրությունն առաջիկայում չի փոխվի»։

Թերթն առանձնացնում է հետևյալ պատճառները.

1. Տնտեսություն - այն որակապես ավելի առաջավոր է իր հիմնական մրցակիցներից։ Համեմատելով չինական տնտեսության հետ, որն աճում է աննախադեպ արագությամբ, թերթը մեջբերում է Համաշխարհային բանկի տվյալները, որոնց համաձայն՝ Միացյալ Նահանգների ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով 2013թ. կազմել է $53042, իսկ Չինաստանում այդ ցուցանիշն ընդամենը $6807 է։ Լինելով համաշխարհային հիմնական արժույթի թողարկողը՝ ամերիկյան տնտեսությունը մնում է գլոբալ ֆինանսական համակարգի հիմքը։ Ֆինանսական բոլոր տրանզակցիաների ավելի քան 80%-ը ողջ աշխարհում, ինչպես և տրանզակցիաների 87%-ը՝ արժութային շուկայում կատարվում է դոլարով։ Արվում է հետևյալ եզրակացությունը. «Քանի դեռ աշխարհը շարունակում է նման վստահությամբ վերաբերվել ամերիկյան արժույթին և առհասարակ տնտեսական կայունությանը, ամերիկյան տնտեսությունը կպահպանի առաջնորդող դիրքերը»։

2. Ռազմական ուժ - Ամերիկյան տեսլականի համաձայն՝ «Ամերիկայի ռազմական գերազանցությունը ոչ ոք չի կարող վիճարկել և վե՛րջ»։ Նման անվերապահ եզրահանգման համար թերթը նշում է, որ Միացյալ Նահանգներին բաժին է ընկնում գլոբալ բոլոր ռազմական ծախսերի 37%-ը։

3. Քաղաքական ազդեցություն - Օտարերկրյա օգնության ցուցաբերման միջոցով արդյունավետորեն շաղախում է քաղաքական ազդեցությունը գլոբալ մասշտաբով։ 2013թ. Միացյալ Նահանգները ֆինանսական օգնության վրա ծախսել է $32,7 մլրդ, երկրորդ տեղում Միացյալ Թագավորությունն է՝ $19 մլրդ։ Եվ եզրակացություն է արվում. «... փողն ի վիճակի է ապահովել ակտիվ քաղաքական համագործակցություն դժվար դրության մեջ գտնվող երկրների հետ»։

Թե ինչ է օտարերկրյա օգնությունը՝ Հայաստանը գիտի իր փորձով։ Դա կոռուպցիայի աղբյուր է բարձրաստիճան չինովնիկների համար, դրանք անարդյունավետ ներդրումներ են սոցիալական ոլորտներում, որոնց դեպքում հասարակությանը պարտադրվում են բազային արժեքներ, որոնք այլ իրավիճակներում (այսինքն՝ բարդ դրության մեջ չգտնվելիս) անընդունելի կլինեին (օրինակ՝ «շուկան՝ որպես համամարդկային արժեք», կամ՝ «սեռերի հավասարություն, համասեռամոլություն, մարդու անձնական ազատության դրսևորում, որը հասարակությունը պետք է պաշտպանի», կամ՝ «սննդի գենամոդիֆիկացված արտադրանք՝ որպես գիտական առաջընթացի դրսևորում» և այլ անհեթեթություններ)։ Բայց արտասահմանում քաղաքական ուժ ունենալու համար հարկավոր է, նախևառաջ, կայունություն ունենալ սեփական տանը։ Միացյալ Նահանգներն ունի գործող ամենահին ազգային սահմանադրությունն աշխարհում, ինչպես նաև կայուն ինստիտուտներ և օրենքի գերակայություն։ Այսպիսին են թերթի եզրահանգումները։ Նման իրավիճակում այդ երկիրը դառնում է փարոս մնացած աշխարհի համար, ստեղծվում է դիլեմա՝ անգլոսաքսոնական աշխարհ և մնացյալ աշխարհ: Միացյալ Նահանգներում բնակվող 45 մլն մարդ ծնվել է արտասահմանյան երկրներից մեկում։ Դա այն սփյուռքն է, որի միջոցով ազդեցություն է գործվում մնացյալ աշխարհի վրա։

4. Նորարարություններ - թերթի ներկայացրած տվյալները բավական հնչեղ են. «Աշխարհում խոշոր 9 տեխնոլոգիական ընկերություններից 8-ը գտնվում է Միացյալ Նահանգներում։ Նկատի ունենալով տեխնոլոգիական հատվածի աճող նշանակությունը՝ դա շատ կարևոր է։ Այսօր Ամերիկան թիվ 1-ն է աշխարհում նավթի և բնական գազի արդյունահանմամբ։ Ամերիկյան հետազոտական համալսարանները և գիտական կազմակերպությունները լավագույնն են իրենց դասով, դա թույլ է տալիս ազգին իր հնարամտությունն ուղղել այնտեղ, որտեղ դա ամենից շատ է անհրաժեշտ։ Աշխարհում հետազոտություններին և մշակումներին ուղղվող բոլոր միջոցների 30%-ը բաժին է ընկնում Միացյալ Նահանգներին»։

Ընդհանրացնելով իր վերլուծությունը՝ «Time» թերթը գրում է. «Ներկայացված վիճակագրական տվյալները միասին վերցրած մատնանշում են այն փաստը, որ ամերիկացիները շարունակում են վայելել կյանքի այն որակը, որն անհասանելի է երկրագնդի այլ մասերում։ ...Զարմանալի չէ, որ Միացյալ Նահանգներն այսօր արտոնյալ դիրք է զբաղեցնում աշխարհում։ Այն իսկապես գերտերություն է»։

Իրավացիր էր Ռուսաստանի նախագահ Վ.Վ. Պուտինը՝ ԽՍՀՄ փլուզումն անվանելով «դարի ամենամեծ աշխարհաքաղաքական աղետը»։

Ռուսաստանի նախագահը 2014թ. հոկտեմբերի 24-ին Վալդայի համաժողովում (Սոչի) հանդես եկավ ծրագրային ելույթով, որը նման էր նրա 2007թ. մյունխենյան ելույթին։ Եթե Մյունխենում Վ.Պուտինը շատ ավելի կոշտ ձևով փաստեց Ռուսաստանի դժգոհությունն առանց պոզիտիվ ծրագրի խաղի կանոններից, ապա Վալդայում Ռուսաստանի նախագահն աշխարհում ստեղծված իրավիճակը «չհասկանալու»վերաբերյալ արտահայտություններից անցավ ուժերի ներկայիս դասավորության, և որ գլխավորն է՝ առկա խաղի կանոնների (որոնք ցանկացած պահի իր հայեցողությամբ կարող է փոխել միայն մեկ համաշխարհային դերակատար, և բոլորը դա պետք է ընկալեն որպես ինքնին հասկանալի) հետագա պահպանման անհնարինությունը փաստելուն։

Ըստ էության, Վ.Պուտինն ամփոփեց Սառը պատերազմի շրջանը և վերջնագրի լեզվով խոսեց Արևմուտքի հետ. կամ պայմանավորվում ենք խաղի նոր կանոնների մասին, կամ Ռուսաստանն ինքնուրույն կսահմանի դրանք՝ առանց արևմտյան գործընկերների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի։ Այն մասին, որ Ռուսաստանը հենց այսպես է մտադիր խոսել Արևմուտքի հետ, լավագույն կերպով վկայում է նաև այս տարի Վալդայան ակումբում անցկացված հանդիպման թեման՝ «Աշխարհակարգ. խաղի նոր կանոննե՞ր, թե՞ խաղ առանց կանոնների»։

Եթե մենք չստեղծենք փոխադարձ պարտավորությունների և պայմանավորվածությունների ընկալելի համակարգ, չկառուցենք ճգնաժամային իրավիճակների լուծման մեխանիզմներ, համաշխարհային անարխիայի նշաններն անխուսափելիորեն կավելանան։

Վ.Պուտինը պատմական որոշում կայացրեց. Ռուսաստանն այլևս չի պատրաստվում նահանջել։ Ռուսաստանն այլևս չի ղեկավարվելու Արևմուտքի հետ երկխոսություն սկսելու մոտիվներով՝ հանուն անհասկանալի է, թե ինչ արժեքների։ Ունենք սեփական հիմնարար արժեքներ, սեփական պատմություն և սեփական գաղափարախոսություն, որոնք էլ կորոշեն Ռուսաստանի և նրա դաշնակիցների հետագա գործողությունները։

Ինչպես նշում է բանակի գեներալ, ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ (2004-2008) Յու.Բալուևսկին2.

Այսօր, երբ նոր աշխարհակարգ է ստեղծվում միանգամայն այլ աշխարհաքաղաքական դասավորվածությամբ, հետճգնաժամային աշխարհակարգի ստեղծումը լուրջ խնդիր և փորձություն է դառնում ինչպես առանձին պետության, այնպես էլ միջազգային կազմակերպությունների համար։

ԱՄՆ ձգտումը՝ ցանկացած գնով պահել համաշխարհային առաջնորդությունը, իր արժեքները պարտադրել, ուրիշ երկրներին ցույց տալ իրենց տեղն այս աշխարհակարգի միջազգային և տնտեսական պայմաններում, հանգեցնում են կոնֆլիկտայնության աճին աշխարհում։

Տագնապեցնում է այն, որ ԱՄՆ և նրա դաշնակիցների գործողություններն ուղղված են իրենց անհարմար երկրների բնակչությանը «ձևափոխելուն»՝ նրանց քաոսայնացնելու միջոցով։ Այդ նպատակն իրագործվում է տարբեր միջոցներով՝ արդի բոլոր տեղեկատվական, հաղորդակցային և սոցիալական տեխնոլոգիաների կիրառմամբ։

Այսօր Արևմուտքը գործադրում է բոլոր ջանքերը Ռուսաստանին համաշխարհային վտարյալ (изгой) դարձնելու համար։ «Մենք մոբիլիզացրել և գլխավորել ենք Ռուսաստանին պատժելուն ուղղված միջազգային ջանքերը», - գրված է ԱՄՆ «Ազգային անվտանգության ռազմավարությունում»։ Պատերազմը Ռուսաստանի դեմ շարունակվում է։ Ավելին, կարելի է կանխատեսել նաև հզոր հակառուսական դաշինքի ստեղծման մասին, որը նպատակ կունենա փոխել քաղաքական ռեժիմը Ռուսաստանում (ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն արդեն հստակ հասկացրել են, որ տրամադրված են Ռուսաստանի նախագահի դեմ. սովորաբար նման հարցերում նրանք հետևողական են։), առավելագույնս թուլացնել այդ երկիրը, իսկ հետո մասնատել մի քանի պետությունների, որպեսզի այդ կերպ ընդմիշտ կամ շատ երկար ժամանակով զրկեն նրան ԱՄՆ համաշխարհային հեգեմոնիային խանգարելու հնարավորությունից։ Այս պարագայում «խաղաղ գոյակցության» սկզբունքով առաջնորդվելը, ինչպես ժամանակին անում էր խորհրդային ընտրանին, առնվազն հիմարություն, իսկ ըստ էության՝ պարզապես հանցավոր կլինի։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա լարվածության նման աճն անմիջականորեն անդրադառնում է նրա վրա՝ որպես Ռուսաստանի ռազմավարական գործընկերոջ։ Հայաստանը, գտնվելով մի տարածաշրջանում, որը, դատելով բոլոր հայտանիշներից, դառնում է ամենապայթյունավտանգներից մեկը, պետք է պատրաստ լինի հակամարտային իրավիճակների ամենաբարդ գործընթացներին և հետկոնֆլիկտային կարգավորմանը։

Եվ այստեղ վերադառնանք մեր հարցին. մենք մեկ ռազմավարական գործընկեր ունենք։ Այդպես է ընտրել պատմությունը։ Բայց մենք ունենք Սփյուռք, և մենք արտաքին քաղաքականության մեջ ղեկավարվում ենք կոմպլեմենտարության սկզբունքներով։ Եվ տերությունների աճող հակամարտության պայմաններում մենք պետք է իմանանք այն իսկական մեխանիզմները, որոնք ընկած են մեր ռազմավարական գործընկերոջ հակառակորդ կողմի հզորության հիմքում։

Ներկա իրադրությունում Հայաստանի ղեկավարությունը պետք է հանրապետության փորձագիտական հանրույթից պահանջի տարածաշրջանում և աշխարհում, «ռազմաճակատում» տիրող իրավիճակի արդյունավետ վերլուծություն և, առաջին հերթին, հիբրիդային պատերազմների, մասնավորապես՝ ֆինանսատնտեսական պատերազմի ձևերի, մեթոդների և գործիքաշարի վերաբերյալ։ Դա թույլ կտա իրադրության զարգացմանը համարժեք ընդունել համապատասխան որոշումներ։

Անդրադառնանք, վերը նշած ռուսերեն նյութերին։ Մասնավորապես, մեր ուշադրությունը գրավեց Ելենա Լարինայի (http://hrazvedka.ru/շուկաների և հումանիտար տեխնոլոգիաների ոլորտի փորձագետ) «Ո՞վ և ինչպե՞ս է վարում ֆինանսատնտեսական պատերազմ Ռուսաստանի դեմ» հրապարակումը (24.03.2015, http://www.regnum.ru/news/polit/1908127.html) «Ֆինանսատնտեսական պատերազմների ժամանակագրություն» խորագրի ներքո։ Նա ուշադրություն է դարձնում ԱՄՆ-ում Դեմոկրատիայի պաշտպանության հիմնադրամի (Foundation for Defense of Democracies, FDD)՝ 2015թ. փետրվարի 24-ին կազմակերպած համազգային կոնֆերանսին՝ նվիրված միջազգային տնտեսական հակամարտությունների հարցերին՝ «The New Financial Wars: The Convergence of Illicit Finance, Economic Power, and National Security» («Նոր ֆինանսական պատերազմներ. ծածուկ ֆինանսական գործողությունների, տնտեսական հզորության և ազգային անվտանգության կոնվերգենցիան»)։ Կոնֆերանսը Պատժամիջոցների և ծածուկ ֆինանսների կենտրոնի (CSIF, http://www.defenddemocracy.org/csif) շնորհանդեսն էր, որն ստեղծվել է անցած տարվա վերջին FDD-ի կողմից։ Կարդացողը կարող է հարց տալ. ինչո՞ւ նման ուշադրություն «ինչ-որ» կոնֆերանսին: Նման օրինակով կարելի է հստակ պատկերացնել, թե ինչ պայքարի ձևեր է ընտրում ԱՄՆ-ը. չի կարելի կասկածել, որ այն ունի հիմնարար բնույթ: Նման եզրահանգումը հիմնված է ԱՄՆ փորձագիտական հանրության նշանավոր դերի վրա, որն այն ունի Միացյալ Նահանգների պետական քաղաքականության ձևավորման գործում:

Կոնֆերանսի ժամանակ սահմանվեցին կենտրոնի աշխատանքի նպատակները և հիմնական ուղղությունները։ Մասնակցում էին մեծաթիվ բարձրաստիճան կառավարական պաշտոնյաներ։ Հաշվի առնելով նյութի կարևորությունը՝ ներկայացնում ենք դրա տեքստի որոշ պարբերություններ։

Կոնֆերանսի պաշտոնական ամփոփագրերում ասված է.

CSIF-ը նպատակ ունի դառնալ ֆինանսական և տնտեսական գործիքաշարի օգտագործման առաջատար վերլուծաբանական կենտրոն՝ ազգային անվտանգության ամրապնդման և ամերիկյան գերազանցության ապահովման համար։ CSIF գլխավոր նպատակը քաղաքական ղեկավարությանը, հետախուզական հանրույթին, զինված ուժերին, մասնավոր սեկտորին և այլոց վերլուծական նյութերի, փորձագիտական և խորհրդատվական օժանդակության տրամադրումն է և Ամերիկայի ազգային անվտանգության ամրապնդմանն ուղղված ակտիվ ու պասիվ ֆինանսատնտեսական գործողությունների անցկացմանն անհրաժեշտ գործիքանու մշակումը ...

CSIF-ը պետք է դառնա իշխանության դաշնային և շրջնային (regional) մարմինների, կառավարական գործակալությունների, մասնավոր սեկտորի, ակադեմիական հանրույթի՝ Ամերիկայի ֆինանսատնտեսական համակարգին ուղղված սպառնալիքների հակադարձման կրիտիկական կետը...

CSIF-ը նպատակ ունի ոչ միայն ապահովել Ամերիկայի ֆինանսատնտեսական համակարգի ամբողջականությանն ուղղված սպառնալիքների հակադարձման արդյունավետ գործիքանու ստեղծումը, այլև պետք է նպաստի երկրի ազգային շահերի առաջմղմանն ու XXI դարում Ամերիկայի գերիշխանության ապահովմանն ուղղված ակտիվ գործողություններին...

Այդ խնդիրների իրագործման համար CSIF-ը պետք է իր գործունեությունը կենտրոնացնի չորս գլխավոր ուղղությունների վրա.

Առաջին. Ամերիկայի տնտեսական խոցելիության հաղթահարման ուղիների հետազոտություն, վերլուծություն և գործիքանու մշակում, ակտիվ ծածուկ ֆինանսատնտեսական գործողությունների անցկացում և ապօրինի ֆինանսավորման կասեցում։

Երկրորդ. վտարյալ երկրների, կառույցների և ցանցերի ռազմավարության, քաղաքականության ու դրանց մեկուսացման կոնկրետ միջոցառումների մշակում։

Երրորդ. Ամերիկայի նոր ֆինանսատնտեսական խոցելիության կանխատեսում և արդեն առկա սպառնալիքների, իսկ որպես հետևանք՝ ԱՄՆ քաղաքական և սոցիալական ամբողջականության նոր ձևերի բացահայտում։

Չորրորդ. ջանքերի համակարգում վերլուծության, փորձագիտության, կանխատեսման և գործիքանու մշակման ոլորտներում այն բոլոր հանրույթների, կառույցների և անձանց հետ, որոնք կարող են օգուտ բերել երկրի ֆինանսատնտեսական անվտանգության ամրապնդմանը։

Ընդունված որոշումների ամփոփիչ մասում նշվում է.

CSIF-ը թիրախ կունենա Իրանը, Կատարը, Թուրքիան, Քուվեյթը, Սաուդյան Արաբիան և, իհարկե, Ռուսաստանը, ինչպես նաև ավտորիտար այլ պետություններ, թմրակարտելներ և ահաբեկչական խմբեր, ներառյալ «Իսլամական պետությունը», «Ալ-Քաիդան», «Համասը» և «Հեզբոլլահը»։ CSIF-ը պետք է անի ամեն ինչ, որպեսզի ապահովի Ամերիկայի անվերապահ հաղթանակը XXI դարի ֆինանսատնտեսական պատերազմում։

Այնուհետև Ե.Լարինան գրում է, որ որպես FDD նախաձեռնության յուրատեսակ ասիմետրիկ պատասխան REGNUM գործակալությունը «սկսում է Ռուսաստանի, մեր բարեկամների և գործընկերների դեմԱՄՆ ֆինանսատնտեսական պատերազմի ձևերի, մեթոդների, գործիքանու հատուկ հետաքննություն»։

Մասնավորապես,

Հետաքննության ընթացքում մանրակրկիտ ձևով կվերլուծվեն ֆինանսատնտեսական ագրեսիայի ձևերը, մեթոդները և գործիքանին։ Դրա հետ մեկտեղ, վեր կհանվեն և կնկարագրվեն այն կառույցները և անձինք, որոնք մշակում, պլանավորում և գործնականում իրականացնում են մեր երկրի դեմ թաքուն և բացահայտ ֆինանսատնտեսական ագրեսիայի գործողությունները։ Հետաքննությունը պետք է պատասխան տա ո՞վ, ե՞րբ, ինչպե՞ս, որտե՞ղ է վարում ֆինանսատնտեսական պատերազմ Ռուսաստանի դեմ հարցերին։

Այս հարցերի պատասխանները թույլ կտան ոչ միայն բարձրացնել տեղեկացվածությունը, ինչն ինքնին կարևոր է, այլև համեստ ներդրում կունենան զանգվածային և կետային խոցման ֆինանսատնտեսական զենքի կիրառման սպառնալիքին հակադարձելուն և ռիսկերի նվազեցմանն ուղղված գործիքանու մշակման գործում։ Իսկ գլխավորն այն է, որ նման գործիքանու մշակումը թույլ կտա ագրեսորների համար անընդունելի դարձնել ֆինանսատնտեսական պատերազմը շարունակելու գինը։

Ազդեցությունն առաջ է բերում հակազդեցություն։

Միաբևեռ աշխարհի արդի դարաշրջանի պատերազմը, երկու բևեռների կոնֆլիկտային դիմակայության պայմաններում (ԱՄՆ, Ռուսաստան, կարելի է ավելացնել նաև Չինաստանը), նախևառաջ քաղաքակրթական երևույթ է: Այն մենք կդիտարկենք, չնայած իր բոլոր թերություններին3, Ս.Հանթինգտոնի «քաղաքակրթության» հասկացության իմաստով։ Այս տեսանկյունից դիտելիս՝ պատերազմն անհնար է Արևմուտքի զարգացած, քաղաքակիրթ պետությունների միջև։ Այս հարացույցով դիտելիս պատերազմն աղքատ, «թերզարգացած», «թերքաղաքակրթված», «չկայացած» պետությունների բաժինն է։ Պատերազմը միշտ կարող է և պետք է վարվի «ինչ-որ տեղ», սեփական տնից հեռու՝ Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, Ասիայում կամ գոնե Եվրոպայի ծայրամասում՝ Բալկաններում կամ Ուկրաինայում, Հայաստանում։ Արևմտյան տերություններն այս իրավիճակում միշտ հանդես են գալիս ազատարարների և պաշտպանների վեհանձն դերում4։

Միևնույն ժամանակ, զինված հակամարտությունները (արտաքին և ներքին) ստանում են «ցանցային պատերազմ», «կիբեռպատերազմ», «հիբրիդային պատերազմ» և այլ անվանումներ։ Ռազմարվեստի «դասական» ձևակերպման նման փոխակերպումը չի փոխում պատերազմի էությունը։ Պատերազմները միշտ էլ եղել են արյունալի և անմարդկային, բայց հիմա դրանք ունեն դաժանության և բացասական հետևանքների վերաճելու միտում։ Այսօր նոր տեղեկատվական, տեխնոլոգիական, հոգեբանական (վարքային5), ռեսուրսային հնարավորությունները թույլ են տալիս դա անել ավելի արդյունավետորեն, ավելի խոր խոցելով հակառակորդի, երկրի բնակչության և միջազգային հանրության մենթալ (կամ որ ավելի վատ է՝ էութենական) հիմքը։

Որպես սրա հետևանք՝ հեղափոխությունները, պատերազմները և զինված հակամարտությունները Երկիր մոլորակի տարբեր շրջաններում ծագում են ավելի շուտ ոչ թե օբյեկտիվ պատճառներով, այլ որպես ինչ-որ արտաքին ուժերի ներգործության հետևանք։ Ի վերջո, հակամարտության մեջ ներքաշված կողմերից այնքան էլ շատ բան կախված չէ։

Շարունակելով այս միտքը՝ ևս մեկ մեջբերում կատարենք Յու.Բալուևսկու ելույթից.

Ագրեսիայի զոհ պետության ժողովրդի դեֆրագմենտացիան (հատվածայնացումը), մարտական գործողությունների ընթացքում միջազգային հարաբերությունների նոր դերակատարների ի հայտ գալը, հակամարտության բոլոր կողմերի ընտրանիների մի մասի քայքայումը, իսկ հաճախ նաև ուղղակի վերացումը դրա կարգավորման գործընթացն ավելի են բարդացնում, ինչը երբեմն պահանջում է խաղաղության և անդորրի վերականգնմանն ուղղված նպատակասլաց աշխատանքի բազմաթիվ տարիներ։

Պատերազմի կեղտոտ կողմը՝ ցեղասպանությունը և զանգվածային սպանությունները, մարդկանց շրջակա միջավայրի ոչնչացումը, սովը և ցուրտը, համաճարակները և հակասանիտարիան, հուսահատությունը և անելանելիությունը, մշտապես բաժին են հասնում այն «ամենաթերքաղաքակրթված» երկրներին ու տարածաշրջաններին, որոնց համար նախատեսվել են համակարգային քաոսը, սոցիալական ցնցումները, տնտեսական անկումը։ Եվ սա՝ այն դեպքում, երբ Արևմուտքի մի շարք քաղաքական գործիչներ ցանկություն ունեն շարունակել իրենց ոչ հարմար «թերզարգացած» երկրների պետական ընտրանու վերածումը մարդկանց մի հանրույթի, որոնք չունեն սեփական ինքնություն, պատրաստ են անվերապահորեն կատարել իրենց կարգադրվող բոլոր պահանջները։

Ընդ որում՝ պատերազմների իսկական պատճառները, շարժիչ ուժերը և նպատակները հաճախ մնում են կադրից դուրս։

Ամփոփելով վերը շարադրվածը՝ կարելի է եզրահանգել, որ սա հակամարտություն է հանուն սեփական ճակատագրի և զարգացման ճանապարհի ինքնուրույն ընտրության իրավունքի։

Եվրասիական միության երկրներին ուղղված նոր մարտահրավերները և սպառնալիքները լոկ տեսական մոտեցումներ, հաճախ՝ միայն զուտ խոսքեր մնացող ճիշտ կարգախոսներ չէ, որ պահանջում են, այլ կոնկրետ գործնական պատասխաններ։ Հայաստանը, որն արդեն մշտապես գտնվում է հակամարտային գոտում և հետհակամարտային կարգավորման փուլում (մինչև այն պահը, երբ Եվրասիական միությունը կվերածվի հուսալի աշխարհաքաղաքական կառույցի, որը կթելադրի իր շահերը ողջ երկրագնդում), և նրա կառավարությունը պետք է կարողանան իրականացնել արդյունավետ սոցիալ-տնտեսական քաղաքականություն։ Ես կասեի ավելին, Ռուսաստանը և նրա դաշնակիցները տանուլ չեն տան այս պատերազմը, եթե նրանք կարողանան ստեղծել զարգացող ժամանակակից տնտեսություն և մրցակցող քաղաքական համակարգ, և վերջ տան կլեպտոկրատիային: Եվ իրավիճակի վերը ներկայացված նկարագրության պարագայում այս խնդիրը խիստ այժմեական է դառնում։

1 Р.Арзуманян, С.Гриняев, «О новых направлениях развития военной науки в США», «21-й ВЕК», N1, 2013; Р.Арзуманян, А.Багдасарян, «Теория войны в XXI веке», «21-й ВЕК», N3, 2011.

2 Ю.Балуевский, «Гибридная война: проблемы и перспективы постконфликтного урегулирования» (Կլոր սեղան «Независимое военное обозрение»-ի խմբագրությունում)։

3 А.В. Бузгалин, «Цивилизационный подход и «провалы» марксизма: Человек и культура», «Вопросы философии», N 11, 2014.

4 И.Попов, «Гибридная война: проблемы и перспективы постконфликтного урегулирования» (Կլոր սեղան «Независимое военное обозрение»-ի խմբագրությունում։

5 Լիարժեք վարքային պատերազմ վարելու հնարավորություններն ի հայտ են եկել վերջերս՝ մարդկային վարքագծի (այդ թվում՝ սոցիալական և այլ խմբերի վարքագծի) վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության հսկայական ծավալների կուտակման հետ կապված։ Այդ տեղեկությունները հիմնականում պարունակվում են Ինտերնետում։ Դրանց հիմքում ընկած է սոցիումի, ինչպես նաև սեփական կենսագրության և մշակութային միջավայրի, վարքագծի ալգորիթմների, սովորությունների, գործունեության ստերեոտիպերի կողմից մեզանում ներդրված մանիպուլացումը։ Վարքային զենքը վաղվա օրվա զենքն է։ Հենց այս նոր՝ ոչ միայն չգովազդվող, այլև գաղտնի պահվող զինատեսակի հետ է ամերիկյան ընտրանիների մի մասը հույսեր կապում մոտ ապագայի կոշտ հակամարտություններում։

http://www.noravank.am/img/detail.php?ELEMENT_ID=13635

Соседние файлы в предмете Политология